Ածական անուն

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատ-
կանիշն ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածա-
կանների համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։
Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց հա-
մեմատության, օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևո-
րումը, ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բա-
ռը գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի
կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածե-
լուց (օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկա-
նիշներ՝ մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տու-
փերը-մեծերը, դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կար-
գերը։


Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Վահագն Դավթյան

Վարժություն 2։ Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստ-
իճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Վարժություն 3։ Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Վարժություն 4։ Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասու-
թյուններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Վարժություն 5։ Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s