Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.

-Ինչո՞ւ է, որ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց  քիչ-քիչ գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ .նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք։
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Առաջադրանքներ՝

  1. Կազմիր նոր բառեր տրված արմատներով՝

եղբայր-
աշխարհ-
ուղիղ-
խորհուրդ-

2. Հետևյալ բառերը բաժանիր մասերի՝ գետակ, գայլուկ, ուրախություն, դասարան, ծերունի:

Օրինակ՝ տնակ- տուն+ակ

3. Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝ ակ, ուկ, ություն, արան:

4. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

5. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես։

6. Ի՞նչ եղավ հետո երիտասարդ խեցգետնի հետ, կարողացա՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s