Առաջադրանքների մեդիափաթեթ․ 5-1 դասարան

Առցանց ուսուցում․ապրիլի 6-10

Սիրելի՛ սովորողներ, հրապարակված են շաբաթվա նախագծերը։ Ձեզ հարմար հերթականությամբ կատարե՛ք նախագծային աշխատանքներն այնպես, որ շաբաթվա ավարտին կատարած լինեք բոլորը։ Նախագծերում անելիքը մանրամասն գրված է։ Տվյալ օրվա կատարած աշխատանքի հղումը ուղարկե՛ք իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրե՛ք:

Մինչ մեր հանդիպումը «Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագծի շրջանակում կարդացե՛ք Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը և կատարե՛ք 1-4-րդ առաջադրանքները։

Առցանց ուսուցում․ մարտի 30-ից ապրիլի 3

Սիրելի՛ սովորողներ, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

30.03.20. տեսադաս Teams հարթակում

1.Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մեղուն ու հավը» առակը։

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

31.03.20

Ընտրի՛ր թանգարաններից մեկը, կատարի՛ր վիրտուալ ճամփորդություն, ծանոթացի՛ր ցուցանմուշներին, դրանց պատմությանը և բլոգումդ ներկայացրո՛ւ քեզ առավել դուր եկած թանգարանի կամ ցուցանմուշի մասին տեղեկություններ։

01.04.20

Սիրելի՛ սովորողներ, «Դպիրը՝ ծնողական ընթերցարան» նախագծի շրջանակում ծնողներիցդ մեկի հետ ընտրե՛ք հրապարակված հոդվածներից որևէ մեկը, ընթերցե՛ք և բլոգում ներկայացրե՛ք ձեզ համար առավել հետաքրքիր մտքերը, բանալի բառ-արտահայտությունները՝ անպայման նշելով հոդվածի հեղինակին, վերնագիրը։

Շատ լավ կլինի, որ աշխատանքիդ կցես ձեր աշխատանքային ընթացքը ներկայացնող մի լուսանկար։

02.04.20

Գործնական աշխատանք

03.04.20

Հարցազրույց վարի՛ր ընտանիքիդ անդամներից մեկի հետ և փորձիր պարզե՛լ, թե ի՞նչ գիտեն նրանք Զատկի տոնի մասին, ե՞րբ է նշվում այն, ի՞նչն է Զատկի խորհրդանիշը, ինչպե՞ս եք դուք տոնում ձեր ընտանիքում և այլն։

Աշխատանքդ կարող ես ներկայացնել ձայնագրության կամ տեսագրության միջոցով։

«Ուսումնական գարուն»․ մարտի 23-27

Սիրելի՛ սովորողներ, կարդացե՛ք առաջարկվող գործերից (քանիսը կցանկանաք, կկարողանաք) և յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո ձեր բլոգի «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրեք, թե`

  • Ի՞նչ գիրք եք կարդացել (վերնագիր, հեղինակի անուն)։
  • Առանձնացրե՛ք ձեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրե՛ք հերոսներին, նկարագրե՛ք և բնութագրե՛ք նրանց:
  • Գրե՛ք կարծիք կարդացած գրքի մասին:

Աստրիդ Լինդգրեն

 Լյոննենբերգցի Էմիլի արկածները

Էրիխ Ռասպե

Բարոն Մյունհաուզենի արկածները

Ջեմս Գրինվուդ

Փոքրիկ շրջմոլիկը_

Կարլո Կոլլոդի

Պինոքիոյի արկածները_

Այլ․ ձեր ընտրությամբ։

Հեռավար-առցանց ուսուցում

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար տրված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. հասցեին՝ Eranuhi@mskh.am: Հարցերի դեպքում՝ գրի՛ր:

16.03.20

Շարադրի՛ր մտքերդ հետևյալ վերնագրերից մեկի շուրջ՝

Թող գարունները գան ու չգնան․․․

Պանդխտությունը չարիք է․․․

Իմ զենքն իմ․․․

Այլ․ քո նախընտրությամբ։

 

17.03.20

Գործնական աշխատանք՝

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից …․ մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

 

2.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

 

18.03.20

Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբ»ին: Արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ:

 

19.03.20

Ռադիոյի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ կորոնավիրուսից պաշտպանվելու քո՛ տարբերակները։ Գրի՛ր՝ ստեղծված իրավիճկում ինչի՞ կարող է հանգեցնել խուճապը։ Համացանցից որոնիր-գտիր խուճապ բառի հոմանիշները։

 

20.03.20

Շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության օրը։ Գտի՛ր մայրիկիդ անվան բացատրությունը, ապա նրա անվան առաջին տառերով հորինի՛ր աքրոստիկոս:

 

12.02.20

  • Անգի՛ր սովորիր/կրկնիր Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

11.03.20

Սիրելի՛ սովորողներ, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։

10.03.20

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

09.03.20

Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝  առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:

Հեռավար-առցանց ուսուցում

05.03-06.03.20(աշխատանքը այսօրվա և վաղվա համար է)։

Սուսան Մարկոսյանի Հայոց լեզու գրքի «Տեքստային առաջադրանքներ» բաժնից կատարի՛ր 379, 388, 390, 399, 402 առաջադրանքները։

04.03.20

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Տարվա ամենածաղկուն եղանակը՝ գարունը․․․»։ Աշխատանքդ անպայման ուղարկի՛ր ինձ։

03.03.20

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 216–219 վարժությունները:

02.03.20

  • Կարդա՛ «Աղքատի պատիվը» պատմվածքը։
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը:

 

28.02.20

Կարդա՛ առակը, կատարի՛ր  առաջադրանքները՝  «Արջի ծառայություն»։

27.02.20

Կրկին կարդա 《Հնչյունափոխություն》 թեման։

Առաջադրանք՝

Գրիր 10 բառ, որոնցից հինգում լինի հնչյունափոխություն, հինգում՝ սղում։

26.02.20

Կարդա’《Հնչյունափոխություն》 թեման և կատարիր առաջադրանքները։

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

25.02.20

Անգիր սովորիր Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը և կատարիր 3֊5֊րդ առաջադրանքները(նայիր 24.02.20֊ի առաջադրանքները, կտեսնես անելիքդ)։

24.02.20

Կարդա’Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը և կատարիր 1֊ին և 2֊րդ առաջադրանքները։

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
  4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
  5. Նկարիր այդ քառատողը:

21.02.20

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  201֊203 ֊րդ վարժությունները:

20.02.20

Ավելի լավ սովորիր Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

19.02.20

ա.Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր)  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

բ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

գ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

դ.Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

ե.Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

 

18.02.20

1.Սիրելի՛ սովորող, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնի առիթով պատրաստի՛ր որևէ գիրք ընկերներիցդ մեկի համար։

2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ <<Գիրքն իմ լավագուն ընկերն է>>։

 

17.02.20

Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած … (լռել) չկա: Աղմուկը կարող է … (հիշել) … (կոչել) պատճառ դառնալ: … (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել): Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ: … (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2֊րդ

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

14.02.20

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը:

13.02.20

Սիրելի՛ սովորող, վաղը՝ Տեառնընդառաջի ծեսին, պետք է միասնական ընթերցենք նշված ասիկ-բարեմաղթանքները: Բոլորդ շատ լավ սովորե՛ք անգիր:

1-ին

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն (միջուկ):

2-րդ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

 

12.02.20

1.Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

2.Կրկնի՛ր Հովհաննես Թումանյանի <<Մեր ուխտը>>, <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունները և վերջերս սովորած հինգ քառյակը:

3.Ովքեր ձայնագրությունը չէին կատարել, կատարեն:

11.02.20

Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքից ընտրիր 1 բանաստեղծություն, ձայնագրի՛ր  կամ տեսագրի՛ր, տեղադրիր բլոգումդ: Կարող ես կազմակերպել տերյանական ընտանեկան ընթերցում:

10.02.20

Հայոց լեզվի գրքի  «Ձևաբանություն» բաժնից կատարի՛ր  191֊194 առաջադրանքները։

31.01.20

07.02.20

1.Սիրելի՛ սովորող, բառարանընթերցման ֆլեշմոբի շրջանակում Թումանյանի քառյակներից դուրս գրիր 10 բառ, բառարանի օգնությամբ գրիր դրանց բացատրությունները և սովորիր։ Չմոռանաս կցել քառյակների հղումը։

2. Կրկնի՛ր Թումանյանից անցած տարի սովորած բոլոր բանաստեղծությունները։

3.Կսպասեմ աշխատանքի հղմանը։

06.02.20

Սիրելի՛ սովորողներ,  Թումանյանի քառյակներից առաջին հինգը նախորդ տարի սովորել եք, բայց՝ մոռացել։ Շատ լավ կրկնեք։

Առաջադրանք՝ 

Առաջին հինգ քառյակից դուրս գրի՛ր պարզ բառերը և դարձրո՛ւ բարդ կամ ածանցավոր։

 

05.02.20

Սիրելի՛ սովորող, համացանցից որոնիր և դուրս գրիր Հ. Թումանյանի մասին հուշեր, գնահատության խոսքեր։ Աշխատանքդ վերնագրիր հետևյալ կերպ՝ ,, Մեծերը Թումանյանի մասին,,։

 

04.02.20

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք քո նախընտրած վերնագրով։

03.02.20

Ձևաբանություն․ Գոյական

Հայոց լեզվի գրքի  «Ձևաբանություն» բաժնից կատարի՛ր  182֊184֊րդ առաջադրանքները։

31.01.20

Ձևաբանություն․ Գոյական

Հայոց լեզվի գրքի  «Ձևաբանություն» բաժնից կատարի՛ր  176, 178, 179, 180 առաջադրանքները։

30.01.20

Պատմել սովորիր  Ալբերտո Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» գործը։

29.01.20

1.Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Ալբերտո Մորավիա ՝ «Երբ մտքերը սառչում են օդում»

24.01.20

Պատրաստվի՛ր «Որոտ թագավորը» հեքիաթի քննարկմանը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

3.Ներկայացրո՛ւ հեքիաթի ասելիքը։

 

23.01.20

Կարդա՛ «Որոտ թագավորը» հեքիաթը, սովորիր պատմել:

22.01.20

Գրի՛ր առաջադրանքները:

21.01.20

Սիրելի՛ սովորող, ծանոթացի՛ր Դիջիթեքի էջին, քո նյութերից ընտրիր այն նյութերը, որոնք քո կարծիքով կարող ես  ուղարկել մրցույթին՝ Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես։

20.01.20

Սիրելի՛ սովորող, ամփոփիր և ուղարկիր «Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքդ։

 

«Ուսումնական ձմեռ»․ դեկտեմբեր 23-հունվար 8

 Նախագծային աշխատանք՝

1. Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

 

 

18.12.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ առաջին ուսումնական շրջանը։

17.12.19

Հատվածը փոխադրիր (համառոտ շարադրիր), ապա շարունակիր պատմությունը: 

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

16.12.19

1.Սիրելի՛ սովորող, բլոգումդ մի քանի նախադասությամբ պատմի՛ր սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մայրենիից կատարած աշխատանքների մասին։ Գրի՛ր, թե ո՞ր հեղինակից ի՞նչ բանաստեղծություններ,  հեքիաթ-պատմվածքներ ես կարդացել, ի՞նչ ստեղծագործական, լեզվական աշխատանքներ ես կատարել, ի՞նչ լրացուցիչ գրքեր ես կարդացել, ի՞նչ տեսանյութ-ռադիոնյութեր ես կատարել։ Պատումիդ վերջում անպայման գրի՛ր՝ աշխատանքներս՝ այստեղ և այստեղ-ի վրա տեղադրի՛ր մայրենիիդ բաժնի հղումը։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մայրենիի հաշվետվություն»։ 

Աշխատանքի կատարումը պարտադիր է բոլորի համար։ Մինչև երեկո իմ էլ․ հասցեին ուղարկի՛ր աշխատանքդ։

2.Մետաքսեի «Նոր տարվա գիշեր» բանաստեղծությունը նորից կրկնեք։ Կային մարդիկ, որ չգիտեին։

 

13.12.19

1.Անգիր սովորի’ր ,,Նոր տարվա գիշեր,, բանաստեղծությունը։

2.Փորձիր ինքդ գրել նման մաղթանքների շարք։

12.12.19

Կարդա՛ Մետաքսեի  բանաստեղծության այս հատվածը /հաջորդիվ սովորելու եք անգիր/ և դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:

 

11.12.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է, մասնակցությունը պարտադիր է։ Ֆլեշմոբը կմեկնարկի 19։00֊ին։

10.12.19

Կարդա՛ նամակի 2֊րդ մասը, առանձնացրո՛ւ բարդ և ածանցավոր բառերը. Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային։

09.12.19

Կարդա՛ նամակի առաջին մասը, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր. Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային։

 

06.12.19

Կարդա Ավ. Իսահակյանի ,,Ռավեննայում,, բանաստեղծությունը,դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:

 

05.12.19

1.Հայոց լեզվի գրքի  «Բառակազմություն» բաժնից կատարի՛ր  79-81-րդ առաջադրանքները։

2.Կրկնի՛ր Հ․Թումանյանի «Շունն ու կատուն»․ պատրաստվում ենք ամանորյա ներկայացման։

04.12.19

Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունն ամբողջությամբ  անգիր սովորի’ր։

03.12.19

Անգիր սովորի՛ր Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության առաջին երկու տունը և կատարի՛ր 3-րդ առաջադրանքը։

02.12.19

Կարդա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան»բանաստեղծույթունը և կատարի՛ր 1-ին և 2-րդ առաջադրանքները։

29.11.19

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

ա.Երջանկություն է, երբ…

բ.Նպատակներն իրականանում են, եթե…

 

28.11.19

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր 74-76-րդ առաջադրանքները։

27.11.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

Շուտով ամփոփելու եմ նոյեմբերը։

26.11.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

25.11.19

Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցի համար նոր ավարտ հորինի՛ր։

Պատրաստվի՛ր գործի քննարկմանը։

22.11.19

Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցը:

Առաջադրանք՝

1.Դու՛րս գրիր անծանոթ բառերը, գրի՛ր բացատրությունները և սովորի՛ր։

2.Բնութագրի՛ր Ուշինարային:

 

21.11.19

Պատրաստվիր Թոթովենցի «Ուղտը» պատմվածքի քննարկմանը և կատարի՛ր 4-րդ և 5-րդ առաջադրանքները։

20.11.19

Ընթերցարանից կարդա՛ Վահան Թոթովենցի «Ուղտը» պատմվածքը և կատարի՛ր 1-ին և 2-րդ առաջադրանքները։

19.11.19

Սիրելի’ սովորող, կրկնի’ր բոլոր այն բանաստեղծությունները, որոնք անցել ենք Համո Սահյան հեղինակից։

18.11.19

Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

 

15.11.19

Կատարի’ր գործնական աշխատանքը։

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

 

  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից …․ մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

 

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

 

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

14.11.19

Ընտրի՛ր թարգմանության տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր

13.11.19

Սիրելի՛ սովորող, այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Մասնակցությունը պարտադիր է։

12.11.19

Հայոց լեզու գրքի «Բառագիտություն» բաժնից կատարի՛ր 56-րդ, 57-րդ և 59-րդ առաջադրանքները։

11.11.19

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

08.11.19

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգիդ մայրենիի բաժինը, լրացրո՛ւ բաց թողած նյութերը։

07.11.19

Սիրելի՛ սովորող, ,,Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն,, նախագծի շրջանակում շարադրի՛ր մտքերդ հետևյալ վերնագրի շուրջ՝ ,,Սեբաստացիական իմ ձեռքբերումները,,:

06.11.19

Պատմել սովորի՛ր Ավ․ Իսահակյանի «Երգի հրապույրը» գործը։

Առաջադրանքներ՝

1.Ո՞րն է ստեղծագործության արտահայտված գաղափարը:

2. Ցույց տուր ստեղծագործության մեջ եղած հակադրությունները, որտեղ մի երևույթին, պատկերին հակադրվում է մյուսը:

3. Փորձիր բացատրել   քար սիրտ – սեր — երգ  կապը ստեղծագործության մեջ: Ինչո՞վ են նրանք համադրվում կամ հակադրվում իրար:

 

05.11.19

1.Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» գործը։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ընտրիր փակագծում տրված բառերից մեկը և լրացրու թերի մտքերը՝

ա) «Երգի հրապույրը» ստեղծագործությունը հեքիաթ … (է, չէ), որովհետև …

բ)  Պատմվածք … (է, չէ), որովհետև ….

գ)  Առակ … (է, չէ), որովհետև ….

Հիշեցում

Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքում դեպքերը կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:

Առակը  սովորաբար բաղկացած է լինում 2 մասից՝ սյուժեից և բարոյախրատական մասից: Առակի հերոս կարող են լինել և՛ մարդը, և՛ կենդանին, և՛ իրը, և՛ բնության երևույթը:

Հեքիաթում  մարդիկ և դեպքերը պատկերվում են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում գծերով:

Հեքիաթներն առանձնանում են սեղմ, դիպուկ բնութագրումներով, երբեմն էլ ֆանտաստիկ ու գերբնական պատկերներով: Նրանք ունեն հստակ սկիզբ ու վերջաբան:

 

04.11.19

Սիրելի՛ սովորող, ավարտի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը  և մինչև երեկո ուղարկի՛ր աշխատանքիդ հղումը։

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Կարդա՛ և կատարի՛ր «Ուսումնական աշուն 2019» նախագծային աշխատանքը։

 

24.10.19

«Առականի» նախագիծ

Կարդա՛ առակը, կատարի՛ր առաջադրանքները։

 

23.10.19

Հայոց լեզու գրքի «Բառագիտություն» բաժնից կատարի՛ր 47-րդ և 51-րդ առաջադրանքները։

22.10.19

Կարդա՛ Մխիթար Գոշի «Ջայլամն ու ծիտը» առակը։

Փորձի՛ր նմանատիպ մի առակ էլ դու հորինել։ Կարող ես նաև նկարել հորինածդ առակը և նկարը կցել պատումիդ։

 

21.10.19

«Գրաբարյան օրեր» նախագծի շրջանակում գրաբարից աշխարհաբարի փոխադրի՛ր առաջին ասույթը և կատարի՛ր առաջադրանքները։

Ուշադի՛ր եղիր, ասույթից հետո կա բառարան, որը քեզ շատ կօգնի։

 

Կարդում ենք Սահյան…

18.10.19

Կարդա՛ պատմությունը, կատարի՛ր 1-8-րդ առաջադրանքները:

16.10.19

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր: Օրվա աշխատանքդ ֆլեշմոբն է։

15.10.19

1. Ովքեր չէին սովորել  Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը, անպայման սովորում են։

2.Այս առաջադրանքը ևս քչերն էին կատարել, լրացրե՛ք, վաղը ամփոփելու եմ։

2.Սիրելի՛ սովորող, կրթահամալիրի 30 ամյակին ընդառաջ փորձի՛ր գրել ակրոստիքոս ՍԵԲԱՍՏԱՑԻ բառով։

 

14.10.19

1. Անգիր սովորի’ր Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։

2.Հորինի՛ր առակ, հեքիաթ կամ պատմություն «Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա» վերնագրով:

 

11.10.19

1.Կարդա’  Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 

Առաջադրանքներ՝

1.Դուրս գրի՛ր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմի՛ր այդ մասին:

3.Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

 

10.10.19

1.Ներբեռնի՛ր և կատարի՛ր  գործնական աշխատանքը։

2.Սիրելի՛ սովորող, կրթահամալիրի 30 ամյակին ընդառաջ փորձի՛ր գրել ակրոստիքոս ՍԵԲԱՍՏԱՑԻ բառով։

Հիշի՛ր՝

Ակրոստիքոսը բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

 

09.10.19

Համո Սահյանի «ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը ովքեր չէին սովորել, անպայման սովորեն։

Առաջադրանքներ՝

1.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

2.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է                          –եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ –ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

 

08.10.19 

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը․ Գործնական աշխատանք։

 

07.10.19

Կարդա’ Համո Սահյանի 《ժայռից մասուր է կաթում》բանաստեղծությունը։

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

 

04.10.19

  1. Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին : Մի այդպիսի նամակ էլ դու  գրի՛ր ընկերոջդ, բարեկամիդ կամ ծնողիդ։
  2. Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
  3. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր  նամակում գրված քեզ անծանոթ  բառերը:

03.10.19

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքից դուրս գրի՛ր ուղղակի խոսքով գրված նախադասությունները և դարձրո՛ւ անուղղակի։

Ուշադրություն դարձրո՛ւ նախադասությունների կետադրությանը։

02.10.19

Ներբեռնի՛ր և կատարի՛ր գործնական աշխատանքը։

01.10.19

Հայոց լեզու գրքի «Բառագիտություն» բաժնից կատարի՛ր 40-43-րդ առաջադրանքները։

30.09.19

Ավարտի’ր այս ամսվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ, կարգավորի’ր մայրենիիդ բաժինը։ Ամիսը մոտեցավ ավարտին, գնահատվելու ես։

 

27.09.19

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր ամբողջությամբ և կատարի՛ր առաջադրանքները:

Կոմիտաս. ,,Աշուն օր,,

 

26.09.19

Անգիր սովորի’ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության առաջին երեք տունը։ Ավարտի’ր դասարանում կիսատ թողած աշխատանքը։

 

25.09.19

1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը։

2.Վերհիշի՛ր Համո Սահյանի հետևյալ բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»,  «Մշուշների շղարշի տակ»․ անցած տարի սովորել ես։

 

24.09.19

Կրկին կարդա՛ առակը, գրի՛ր 11-15-րդ առաջադրանքները։

Վերհիշի՛ր՝

Հայերենի երկհնչյունները

 

23.09.19

Տեքստային աշխատանք․ կարդա՛ առակը, գրի՛ր 1-5-րդ առաջադրանքները։

20.09.19

Հայոց լեզու 5  գրքի «Վանկ» թեմայից կատարի՛ր 26, 27, 31-րդ առաջադրանքները և սովորի՛ր 9-րդ էջի վերջում գրված նյութը։

Ավարտի՛ր կիսատ թողած աշխատանքներդ։

 

19.09.19

Կարդա՛ և սովորի՛ր  Հայոց լեզու 5  գրքի 7-րդ էջի վերջում գրված նյութը, որը վերաբերում է հայերենի տառերին և հնչյուններին։

Առաջադրանքներ՝

Կատարի՛ր 12, 18, 21, 24-րդ առաջադրանքները։

 

18.09.19

Պատմել սովորի՛ր Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը։

1.Քեզ դուր եկա՞վ այս պատմվածքը․ ինչո՞ւ։

2.Ի՞նչ գիտես անտառի և անտառի բնակիչների մասին։

 

17.09.19

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը։

Առաջադրանք՝

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերն ու բացատրի՛ր:

 

16.09.19

1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Կուզեի լինել»։

Աշխատանքը առանձին հղումով հրապարակի՛ր բլոգումդ։

2.Հայոց լեզու 5  գիրքը ներբեռնի՛ր համակարգչումդ։ Հնչյունաբանություն թեմայից կատարի՛ր 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ առաջադրանքները:

 

13.09.19

Տանը՝

Սիրելի՛ սովորող, մենք կարդացինք Վ․ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշերից մի հատված։  Այժմ կարդա՛ Ռաբին Դրանաթ Թագորի  «Կուզեի լինել» պատմությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Դասարանում՝

Փորձի՛ր այսպիսի մի ծիծաղելի պատմություն էլ ինքդ հիշել քո դպրոցական կյանքից և պատմել բլոգում։ Պատումդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Մի օր դպրոցում․․․»

 

12.09.19

Վ․ Սարոյանը հիշում է․․․

Կարդա՛ նյութը, փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։

 

11.09.19

Կարդա’ Վ. Սարոյանի ,,Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին,, առակը։

1.Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

 

10.09.19

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց» առակը։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

 

09.09.19

Պատմել սովորի՛ր Ռեդյարդ Քիփլինգի  «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»  գործը։

Առաջադրանք՝

Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

 

06.09.19

Կարդա՛ Ռեդյարդ Քիփլինգի  «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»  գործը։

Առաջադրանքներ՝

  1. Վերնագրի՛ր առաջին և երկրորդ մասերը։
  2. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:
  3. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

 

05.09.19

Կրկին կարդա՛  «Առաջին դպրոցները»  նյութը։

Փորձիր գրե՛լ, թե ի՞նչ կանոններով դպրոց կստեղծեիր դու, եթե լիներիր դպրոցի հիմնադիր։

 

04.09.19

Սիրելի՛ սովորող, մինչև երեկո ուղարկի՛ր  «Ուսումնական ամառ 2019» նախագծի    ամփոփումը։

Կարդա՛ առաջին դպրոցների մասին  նյութը՝ «Առաջին դպրոցները», կատարի՛ր առաջադրանքները:

03.09.19

  • Սիրելի՛ հինգերորդցի,  բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին, ընկերոջդ:
  • Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:

02.09.19

Դասավանդողի բլոգի ներկայացում, ամռան ընթացքում ընթերցած գրքերի բանավոր ներկայացում-քննարկում։