1. Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

tagor

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ
նալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:
Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

 

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):

2.Վիլյամ Սարոյանը հիշում է…

Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց:Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ՝ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք՝ դանդաղ»:

Բառարան                                                       նորեն-նորից, կրկին

ճարպիկ- ճկուն, վարժ                                       կըսեի-ասում էի

գացի- գնացի                                                      կկատղեր-բարկանում էր

կերթայի-գնում էի                                                ատոնց-դրանց

կբռներ-տարածվում էր                                         անոնք-նրանք

կպոռար-բղավում էր

Առաջադրանք՝

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։

Оставьте комментарий